ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Յուբիքրոս» ՍՊԸ, այսուհետ՝ «Ընկերություն», շահագործում է www.ubitours.net կայքը և համանուն հավելվածները՝ նախատեսված Apple iOS և Android օպերացիոն համակարգերի համար, այսուհետ՝ «Կայք», որոնց նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են Ընկերությանը։

Կայքը տրամադրում է առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս ծառայություններ մատուցողներին, այսուհետ՝ «Գործընկեր», «Դուք», «Ձեր» և/կամ «Ձեզ», ներկայացնել, իսկ դրացից օգտվել ցանկացող օգտատերերին, այսուհետ՝ «Կայքի օգտատերեր», գնել զբոսաշրջության ոլորտում ծառայություններ։

Սույն պայմաններով, այսուհետ՝ «Պայմաններ» սահմանվում են այն պայմանները, որոնց հիման վրա Գործընկերները կարող են հասանելիություն ստանալ և օգտվել Կայքից։

Որպես Գործընկեր, Կայքում գրանցվելով և անհատական հաշիվ, այսուհետ՝ «Անհատական հաշիվ», ստեղծելով, Դուք համաձայնում եք, որ սույն Պայմանները պարտադիր լինեն Ձեզ համար։

1․ Հասանելիություն

1․1 Ընկերությունը Գործընկերոջը տրամադրում է հասանելիություն Կայքին, որտեղ Գործընկերը կարող է գովազդել, վաճառել, առաջարկել, խթանել իր կողմից մատուցվող ծառայությունները, իսկ Կայքի օգտատերերը կարող են փնտրել, գտնել, համեմատել, պատվիրել, գնել, ամրագրել այդ ծառայությունները։ Ընդ որում, Կայքի օգտատերերը և Գործընկերը հնարավորություն չեն ունենա տեսնել միմյանց կոնտակտային տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ Կայքի օգտատերը չի վճարել Ընկերության սպասարկման կանոններով սահմանված վճարը։

1․2 Սույն Պայմանների 1․1 կետով նախատեսված Կայքից օգտվելու հնարավորության դիմաց Գործընկերը պարտավորվում է իր ծառայությունների առաջարկն ընդունած, այդ ծառայություններից օգտվել ցանկացող և դրանցից օգտվելու նպատակով իր հետ պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած Կայքի օգտատերերին տրամադրել զեղչ այդ ծառայությունների՝ Կայքում նշված համախառն արժեքի 5% չափով, ներգնա ծառայությունների դեպքում, և 3%՝ արագնա ծառայությունների դեպքում։ Սույն կետի իմաստով ներգնա ծառայություն է համարվում այն ծառայությունը, որի դեպքում Գործընկերոջ գտնվելու վայրի երկրում չբնակվող Կայքի օգտատերը ճանապարհորդում է Գործընկերոջ գտնվելու վայրի երկիր, ինչպես նաև այն ծառայությունը, որի դեպքում Գործընկերոջ գտնվելու վայրի երկրում բնակվող Կայքի օգտատերը ճանապարհորդում է Գործընկերոջ գտնվելու վայրի երկրի սահմաններում։ Սույն կետի իմաստով արտագնա ծառայություն է համարվում այն ծառայությունը, որի դեպքում Գործընկերոջ գտնվելու վայրի երկում բնակվող Կայքի օգտատերը ճանապարհորդում է մեկ այլ երկիր։ Եթե ծառայությունը ներառում է միանգամից և ներգնա և արտագնա ծառայության տարրեր, ապա այդ ծառայությունը սույն կետի իմաստով համարվում է ներգնա ծառայություն։ Եթե Գործընկերը գրասենյակներ ունի տարբեր երկրներում, ապա սույն կետի իմաստով Գործընկերոջ գտնվելու վայրի երկիր է համարվում այն երկիրը, որը նշվել է Գործընկերոջ կողմից, որպես իր (հիմնական) գործունեության վայրի երկիր, անկախ այն հանգամանքից, թե որ գրասենյակի միջոցով է փաստացի վաճառքը կատարվել և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքվել։ 

2․ Կայքում գրանցվելու և Անհատական հաշիվ ստեղծելու կարգը

Կայքից օգտվելու պայմանները

2․1 Կայքից օգտվելու նպատակով Գործընկերը պարտավոր է գրանցվել Կայքում և ստեղծել Անհատական հաշիվ։ Գործընկերը պարտավոր է գաղտնի պահել և այլ անձանց չտրամադրել իր Անհատական հաշվի գաղտնաբառը։ Գործընկերը կարող է իր Անհատական հաշվի գաղտնաբառը տրամադրել իր այն աշխատակիցներին, ում դա անհրաժեշտ է Գործընկերոջ ծառայությունները Կայքի միջոցով գովազդելու, վաճառելու, առաջարկելու և խթանելու համար՝ նրանց զգուշացնելով դրանք գաղտնի պահելու սույն Պայմաններով նախատեսված պարտավորության մասին և պատասխանատվություն կրելով նրանց կողմից այդ պարտավորությունը խախտելու համար։

2․2 Գրանցվելով Կայքում և օգտվելով դրանից՝ Գործընկերը պարտավոր է հետևել Կայքից օգտվելու վերաբերյալ Ընկերության կանոնակարգով սահմանված կանոններին, այսուհետ՝ «Կանոնակարգ»։ Նշված կանոնները կարող են պարբերաբար փոփոխվել Ընկերության կողմից։ Կանոնակարգը հասանելի է https://ubitours.net/hy/offer-terms հասցեում։

2․3 Գործընկերը պարտավոր է Կայքի օգտատերերին տրամադրել ճիշտ, հավաստի և ամբողջական տեղեկություններ իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունների, դրանցից օգտվելու պայմանների (ներառյալ, սակայն ոչ միայն, չեղարկման, չներկայանալու, շուտ հաշվառվելու, հաշվառումից ուշ դուրս գալու պայմանների), գների, գների հնարավոր տատանումների, վճարման կարգի և ծառայություններից օգտվելու նպատակով վավեր պայմանագիր կնքելու համար կիրառելի օրենքներով պահանջվող և էական համարվող բոլոր այլ պայմանների վերաբերյալ այնպես, որպեսզի Կայքի օգտատերերը կարողանան կատարել ճիշտ ընտրություն։   

2․4 Գործընկերը պարտավոր է սեփական ծառայությունները գովազդելիս թույլ չտալ անբարեխիղճ գովազդ։

2․5 Գործընկերը պարտավոր է զերծ մնալ Կայքը համակարգչային վնասակար նյութեր տարածելու և այլ ապօրինի նպատակներով օգտագործելուց։ Գործընկերը պարտավոր է զերծ մնալ Կայքի այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող է վնաս հասցվել Կայքին/Կայքի բովանդակությանը/Կայքի հիմքում ընկած ծրագրին, Ընկերության և երրորդ անձանց (այդ թվում նաև Կայքի օգտատերերի) հեռահաղորդակցության համակարգերին, համակարգչային և այլ սարքավորումներին ու գույքին։

2․6 Գործընկերը պարտավոր է զերծ մնալ բոլոր այն գորոծողություններից, որոնք կարող են վնաս պատճառել Ընկերության հեղինակությանը։

2․7 Գործընկերը պարտավոր է ծառայությունների մատուցման իր առաջարկն ընդունած Կայքի յուրքանչյուր օգտատիրոջ հետ կնքել այդ առաջարկի պայմաններին համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ծառայությունների մատուցման պայմանագրի պայմանները պետք է հիմնված լինեն սույն Պայմանների 2․3 կետի համաձայն Գործընկերոջ կողմից տրամադրված/տրամադրման ենթակա տեղեկությունների և պայմանների վրա։ Ընդ որում, Գործընկերը համաձայնում և ընդունում է, որ Կայքի օգտատերերի կողմից կազմված ցանկալի ծառայությունների նկարագրերը, հրապարակումները և այլն հանդիսանում են սոսկ հարցումներ և որևէ կերպ չեն կաշկանդում Կայքի օգտատերերին։ Գործընկերն ընդունում և համաձայնում է, որ Կայքի օգտատերերը կարող են ամբողջովեն հենվել սույն դրույթի վրա և այն վկայակոչել Գործընկերոջ հետ հարաբերություններում։ Կասկածներից խուսափելու նպատակով սույնով հաստատվում է, որ ծառայությունների մատուցման պայմանագիր է հանդիսանում ցանկացած պայմանագիր, որով Գործընկերը պարտավոր է աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել, իրավաբանական և/կամ այլ գործողություններ կատարել Կայքի օգտատիրոջ (նրա կողմից նշված անձանց օգտին), Կայքի օգտատիրոջ (նրա կողմից նշված անձանց) ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնել գույք, հղումը տեքստում դրանցից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին կլինի «ծառայություններ»։ Հղումն տեքստում այդպիսի պայմանագրին կլինի «ծառայությունների մատուցման պայմանագիր» և/կամ «պայմանագիր»։  

2․8 Գործընկերը պարտավոր է պատշաճ կերպով կատարել Կայքի օգտատերերի հետ կնքված պայմանագրերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները, ունենալ այդպիսի պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները, թույլտվությունները և համաձայնությունները։

2․9 Գործընկերը պարտավոր է Կայքի օգտատերերից (նրանց կողմից նշված անձանցից) լրացուցիչ վճարներ չգանձել, բացառությամբ այն դեպքերի, երբ գնի փոփոխությունը կապված է կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ դոլլարի փոխարժեքի տատանման հետ, լրացուցիչ ծառայություններ պատվիրելու և ստանալու, շուտ հաշվառվելու, հաշվառումից ուշ դուրս գալու հետ, որոնց մասին Գործընկերը Կայքի օգտատերերին պարտավոր է տրամադրել ճիշտ, հավաստի և ամբողջական տեղեկություններ սույն Պայմանների 2․3 կետի համաձայն։  

2․10 Գործընկերը պարտավոր է Կայքի օգտատերերի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելիս և դրանցով ստանձնած իր պարտավորությունները կատարելիս պահպանել կիրառելի օրենսդրությամբ, այդ թվում նաև, սակայն ոչ միայն, անձնական տվյալների պաշտպանության, սպառողների իրավունքների պաշտպանության, զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության, վճարային քարտերով գործառնությունների իրականացման մասին և կիրառելի այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները։

2․11 Գործընկերը պարտավոր է Կայքում չհրապարակել այնպիսի բովանդակություն, որը կարող է խախտել երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները, կիրառելի օրենսդրության պահանջները։

2․12 Գործընկերը պարտավոր է զերծ մնալ իր առաջարկների մեջ այնպիսի նկարներ, տեսահոլովակներ, տեքստեր և բովանդակություն օգտագործելուց, որոնք հնարավորություն կտան Կայքի օգտատերերին նույնականացնել Գործընկերոջը։

2.13 Գործընկերը պարտավոր է զերծ մնալ Ընկերության և/կամ երրորդ անձանց (ներառյալ Կայքի օգտատերերի) կողմից ներդրված անվտանգության և/կամ նույնականացման միջոցները կոտրելուց, Ընկերության և/կամ երրորդ անձանց (ներառյալ Կայքի օգտատերերի) կողմից ներդրված տեխնոլոգիական միջոցները շրջանցելուց, հեռացնելուց, ապաակտիվացնելուց։ 

2․14 Գործընկերը պարտավոր է չմիջամտել և չխոչընդոտել, որպեսզի Կայքի օգտատերերը, այցելուները, այլ գործընկերներն ու այլ անձիք կարողանան (անխափան) հասանելություն ունենալ և օգտվել Կայքից։  

2․15 Գործընկերը պարտավոր է թույլ չտալ այլ անձանց կատարել սույն Պայմանների 2․1-2․14 կետերում նշված գործողությունները։

2․16 Ընկերությունը պարտավոր է գործադրել լավագույն ջանքեր Կայքը սարքին վիճակում պահելու համար։  Չնայած վերոգրյալին, Ընկերությունը չի երաշխավորում, որ Կայքը միշտ հասանելի կլինի անխափան օգտագործման համար, իսկ Գործընկերն էլ ընդունում և համաձայնում է, որ Կայքը կարող է ամսվա որոշակի օրերին կամ օրվա որոշակի ժամերին անհասանելի լինել պրոֆիլակտիկ սպասարկման, թարմացումների և այլ պատճառներով։

2․17 Ընկերությունն իրավունք ունի մոնիթորինգ իրականացնել Կայքի օգտատերերի և Գործընկերոջ միջև նամակագրության նկատմամբ։ Գործընկերը սույնով տալիս է իր համաձայնությանը և պարտավորվում է այդ մասին տեղյակ պահել իր աշխատակիցներին։  

2․18 Չսահմանափելով սույն Պայմանների 6․3 կետով Ընկերությանն ընձեռված իրավունքը և վերջինիս կողմից այդ իրավունքը գործադրելու հնարավորությունը՝ Ընկերությունն իրավունք ունի, սակայն պարտավոր չէ, ժամանակավորապես դադարեցնել Գործընկերոջ համար Կայքի հասանելիությունը և թույլ չտալ, որպեսզի վերջինիս օգտվի Կայքից, եթե Գործընկերը թույլ է տվել Կայքից օգտվելու սույն Պայմաններով և/կամ Կանոնակարգով նախատեսված դրույթների կամ սույն Պայմանների այլ դրույթների խախտում։ Ընկերության կողմից սահմանված ժամանակահատվածում խախտումները և դրանց հետևանքները չվերացվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ակնհայտ է դառնում, որ նշված խախտումները և դրանց հետևանքներն այդ ժամանակահատվածում չեն վերացվելու կամ հնարավոր չի լինելու վերացնել, Ընկերությունը կարող է սույն Պայմանների 6․3 կետի համաձայն դադարեցնել Գործընկերոջ համար Կայքի հասանելիությունը և Կայքից օգտվելու վերջինիս հնարավորությունը՝ պահպանելով սույն Պայմանների 6․3 կետով սահմանված կարգը։ Սույն 2․18 կետի համաձայն Կայքի հասանելիության ժամանակավոր դադարեցման դեպքում սույն Պայմանները կշարունակեն ամբողջ ծավալով (բացի Կայքին հասանելիություն տալու Ընկերության պարտավորության) գործել Ձեր և Ընկերության միջև փոխհարաբերություններում։ Դուք պարտավոր կլինեք այդ ընթացքում սույն Պայմաններով նախատեսված կարգով և պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել Կայքի բոլոր այն օգտատերերի հետ, որոնք նման ցանկություն հայտնած կլինեն մինչև (ներառյալ) հասանելիության ժամանակավոր դադարեցման պահը, ինչպես նաև սույն Պայմաններով նախատեսված կարգով և պայմաններով կկատարեք/կշարունակեք կատարել մինչև (ներառյալ) հասանելիության ժամանակավոր դադարեցման պահը Կայքի օգտատերերի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված Ձեր բոլոր պարտավորությունները։

2.19 Գործընկերն ընդունում և համաձայնում է, որ Ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարել Կայքում/Կայքի բովանդակության մեջ։

2․20 Գործընկերը սույնով իրավունք է վերապահում Ընկերությանն իր կոնտակտային և այլ տվյալները տեսանելի և հասանելի դարձնել Կայքի օգտատերերին։ 

3․ Ընկերության Մտավոր սեփականության իրավունքները

3․1 Սույն Պայմանների իմաստով Ընկերության մտավոր սեփականության իրավունքներ են հանդիսանում Ընկերության հեղինակային իրավունքները, գյուտերի, արտոնագրերի, նոու-հաուների, առևտրային գաղտնիքների, ապրանքային նշանների, առևտրային/ֆիրմային անվանումների, սպասակման նշանների, առևտրային ձևավորման ու հանդերձանքի, արդյունաբերական նմուշների, օգտակար մոդելների, դոմեյնների անվանումների, տեղեկատվական բազաների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոգրաֆիաների նկատմամբ և համանման բոլոր այլ իրավունքները,

ա․ անկախ այն հանգամանքից, թե գրանցված են դրանք, թե՝ ոչ,

բ․ ներառյալ այդ իրավունքները պաշտպանելու և գրանցելու համար ներկայացված/ներկայացվող դիմումները,

գ․ ներառյալ այդ իրավունքների ու դիմումների երկարացումները և թարմացումները,

դ․ անկախ այն հանգամանքից, թե ծագալ են դրանք, թե դեռ պետք է ծագեն,

ե․ անկանխ այն հանամանքից, թե որտեղ են դրանք ծագել և գործում։

3․2 Գործընկերը սույնով ընդունում և համաձայնում է, որ Կայքի/Կայքի բովանդակության/Կայքի հիմքում ընկած ծրագրի նկատմամբ սեփականության իրավունք,  Մտավոր սեփականության իրավունքներ ձեռք չի բերում։ Գործընկերն ունի Կայքից օգտվելու սահմանափակ իրավունք միայն սույն Պայմաններով և Կանոնակարգով նախատեսված ծավալով և սահմաններում։

3․3 Գործընկերը համաձայնում և ընդունում է, որ Ընկերության մտավոր սեփականության իրավունքները պատկանում են Ընկերությանը և համաձայնում է սույն Պայմաններն իր համար պարտադիր լինելու ընթացքում և դրանից հետո երբևիցե․

ա․ չփորձել Կայքի/Կայքի բովանդակության/Կայքի հիմքում ընկած ծրագրի նկատմամբ որևիցե երկրում որևիցե իրավունք գրանցել,

բ․ չներկայացնել հավակություններ Կայքի/Կայքի բովանդակության/Կայքի հիմքում ընկած ծրագրի, դրանց նկատմամբ իրավունքների վերաբերյալ,

գ․ չներկայացնել, որ հանդիսանում է Կայքի/Կայքի բովանդակության/Կայքի հիմքում ընկած ծրագրի սեփականատերը կամ վերահսկողություն ունի դրանց նկատմամբ,

դ․ չվերարտադրել, չվերափոխել, չթարգմանել, չադապտացնել Կայքը/Կայքի բովանդակությունը/Կայքի հիմքում ընկած ծրագիրը, չապաբանաքաղել Կայքի հիմքում ընկած ծրագիրը, Կայքի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով չզննել, չուսումնասիրել կամ չփորձարկել, չվերծանել Կայքի հիմքում ընկած ծրագրի գրառումը, չպատրաստել Կայքի/Կայքի բովանդակության/Կայքի հիմքում ընկած ծրագրի ածանցյալ ստեղծագործություններ,

ե․ որևիցե կերպ չօգտագործել Ընկերության ապրանքային, սպասարկման նշանները, դոմեյնների անվանումները, առևտրային/ֆիրմային անվանումները, առևտրային հանդրեձանքն ու ձևավորումը,

զ․ չկատարել ցանկացած այլ գործողություն, որ կարող է խախտել Ընկետրության մտավոր սեփականության իրավունքները,  

է․ սույն 3․3 կետի ա-զ ենթակետերում նշված գործողությունները կատարելու իրավունք/թույլտվություն չշնորհել այլ անձանց։

4․ Պատասխանատվություն

4․1 Գործընկերը կստանձնի միանձնյա պատասխանատվություն և կփոխհատուցի, կազատի, կպաշտպանի և զերծ կպահի Ընկերությանը, վերջինիս աշխատողներին, տնօրեններին, մասնակիցներին (բաժնետերերին), ղեկավարներին, գործընկերներին, կապալառուներին, գործակալներին, ներկայացուցիչներին բոլոր տեսակ հայցերից, պահանջներից, ծախսերից (այդ թվում նաև փաստաբանի ծախսերից՝ հաշվարկված ամբողջությամբ փոխհատուցելու սկզբունքով), կորուստներից, վնասներից և պատասխանատվության ցանկացած տեսակից, որոնք կարող են առաջ գալ կամ ներկայացվել Կայքի օգտատերերի հետ Գործընկերոջ կողմից պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելու, Կայքի օգտատերերին սույն Պայմաններով նախատեսված զեղչը տրամադրելուց հրաժարվելու, Կայքի օգտատերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները Գործընկերոջ կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Կայքի օգտատերերի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցմամբ Կայքի օգտատերերի, նրանց ընտանիքի անդամների, նրանց ուղեկցող անձանց կյանքին, առողջությանը, գույքին վնաս պատճառելու, երրորդ անձանց և Ընկերության գույքին վնաս պատճառելու, Կայքի օգտատերերի, նրանց կողմից նշված անձանց, այդ թվում նաև նրանց ընտանիքի անդամների, նրանց ուղեկցող այլ անձանց անձնական տվյալներն օրենքի խախտմամբ մշակելու, օգտագործելու, փոխանցելու, Կայքի օգտատերերի, նրանց կողմից նշված անձանց, այդ թվում նաև նրանց ընտանիքի անդամների, նրանց ուղեկցող այլ անձանց վճարային քարտերի, բանկային տվյալների գաղտնիությունն ու ապահովությունն օրենքով սահմանված կերպով չապահովելու և/կամ դրա հետևանքով Կայքի օգտատերերի, նրանց կողմից նշված անձանց, այդ թվում նաև նրանց ընտանիքի անդամների, նրանց ուղեկցող այլ անձանց կողմից ֆինանսական կորուստներ կրելու, առաջարկվող ծառայությունների վերաբերյալ Կայքի օգտատերերին կիրառելի օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները պահանջված կարգով չտրամադրելու, երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները խախտելու, կիրառելի օրենսդրության պահանջները չկատարելու, սույն Պայմաններով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով և/կամ կապակցությամբ։ Ընկերությունը կարող է իր ընտրած փաստաբանի միջոցով իրականացնել նշված հիմքերով ներկայացված հայցերի դատական պաշտպանությունն առանց ազատելու Գործընկերոջն սույն 4․1 կետով ստանձնած պարտավորություններից։ Եթե դատարանի որոշմամբ հաստատվի, որ սույն 4․1 կետով նախատեսված Գործընկերոջ պարտավորություններն անվավեր են կամ ենթակա չեն դատական պաշտպանության, ապա սույն 4․1 կետի դրույթներն ինքնստինքյան կհամարվեն փոփոխված այնպես, որպեսզի սույն 4․1 կետի գործողության ամբողջ ընթացքում համապատասխան լինեն օրենքով սահմանված առավելագույն պահանջներին։

4․2 Ընկերությունը պատասխանատվություն չի կրում․

ա․ Կայքի օգտատերերի կողմից ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելու, Գործընկերոջ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով Կայքի օգտատերերի (նրանց կողմից նշված անձանց) կողմից նախատեված վճարումներն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու, այլ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, երրորդ անձանց կյանքին, առողջությանը, գույքին, Գործընկերոջ գույքին վնաս պատճառելու համար,

բ․ Կայքի և/կամ Կայքի բովանդակության ճիշտ, հավաստի, ամբողջական, անժամանակավրեպ, որակյալ և նախատեսված նպատակով օգտագործման համար պիտանի լինելու համար,

գ․ Կայքի և/կամ Կայքի բովանդակության հիման վրա, դրանց օգտագործան արդյունքում կայացված որոշումների, ձեռնարկած կամ չձեռնարկած գործողությունների, Կայքի և/կամ Կայքի բովանդակության անհասանելի լինելու, Կայքը և/կամ Կայքի բովանդակությունն օգտագործելու անհնարինության արդյունքում կրած վնասների համար,

դ․  Երրորդ անձանց (այդ թվում նաև Կայքի օգտատերերի) կողմից Կայքի միջոցով վնասակար նյութեր տարածելու, Կայքի միջոցով Գործընկերոջ ծրագրերին, համակարգչային և այլ սարքավորումներին, գույքին ու հեռահաղորդակցության համակարգերին վնաս պատճառելու համար,

ե․ Գործընկերոջ տվյալների բազայի, տեղեկությունների, նամակագրությունների կորստի կամ վնասվելու կամ երրորդ անձանց կողմից (այդ թվում նաև Կայքի օգտատերերի) հարձակումների ենթարկվելու համար,

զ․ Գործընկերոջ հեղինակությանը վնաս հասցվելու համար,

է․ Գործընկերոջ բիզնես հնարավորությունների, շահույթի կորստի, կողմնակի այլ վնասների ու կորուստների համար,

ը․ Երրորդ անձանց ծառայությունների/բովանդակության որակյալ, ամբողջական, անժամանակավրեպ, հավաստի և ճիշտ, նախատեսված նպատակով օգտագործելու համար պիտանի, անխափան օգտագործման համար մշտապես հասանելի լինելու համար,

թ․ Երրորդ անձանց ծառայությունների անհասանելիության, այդ ծառայություններն օգտագործելու կամ օգտագործելու անհնարինության, երրորդ անձ ծառայություններ մատուցողների կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների համար,

ժ․ սույն Պայմաններով նախատեսված պարտավորություններն Ընկերության կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կերպով կատարվելու համար, եթե պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հետևանք է այնպիսի իրադարձությունների, որոնք գտնվում են Ընկերության ողջամիտ վերահսկողությունից դուրս։ Այդպիսի իրադարձությունների թվին են պատկանում բնական աղետները, կառավարությունների, կարգավորող, վերահսկող և իրավասու այլ մարմինների, դատարանների որոշումները, համաճարակները, պատերազմները, էլեկտրական էներգիայի սնուցման խափանումները, կապի ծառայությունների մատուցման խափանումները, հոսթինգային ծառայությունների, երրորդ անձանց ծառայությունների մատուցման խափանումները։ Նման դեպքերում Ընկերությունը կգործադրի լավագույն ջանքերը, որպեսզի այդ իրադարձությունների մասին տեղյակ պահի Գործընկերոջը։

5․ Գաղտնի տեղեկություններ

 5․1 Գաղտնի տեղեկություններ են համարվում գաղտնի բնույթի բոլոր այն տեղեկությունները և տվյալները (ինչպես էլ, որ դրանք արտահայտված լինեն, այդ թվում նաև, սակայն ոչ միայն, համակարգչային ծրագրերի, գծագրերի, գաղտնագրերի տեսքով), որոնք ներառում են․

ա․ տեղեկություններ կողմերի արտադրանքի, ծառայությունների, գործունեության, նախատեսվող գործունեության, ֆինանսների, գործարքների, աշխատուժի, գործերի վերաբերյալ,

բ․ տեղեկություններ Ընկերության մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ,

գ․ տեղեկություններ կողմերի առևտրային գաղտնիքների, ներառյալ վաճառքների վիճակագրության, այցելությունների/դիտումների քանակի, բիզնես պլանների և ծրագրերի, բիզնես հնարավորությունների, ընդլայնման ծրագրերի, մարքեթինգային ուսումնասիրությունների, հետազոտությունների և մշակումների ծրագրերի, հայտնագործությունների, բացահայտումների, ձևավորման աշխատանքների, մեթոդների, տեխնիկաների, աշխատանքային գործընթացների, ընթացակարգերի և պրակտիկայի վերաբերյալ,

դ․ տեղեկություններ, որոնց առնչությամբ բացահայտող կողմը երրորդ անձանց օգտին ստանձնել է չբացահայտելու պարտավորություն,

ե․ տեղեկություններ կողմերի հաճախորդների, մատակարարների, գնորդների գործունեության, ֆինանսների, գործարքների և գործերի վերաբերյալ,

զ․ ցանկացած այլ տեղեկություն, որը որպես այդպիսին նշվել է բացահայտող կողմի կողմից կամ որը ցանկացած ողջամիտ գործարար անձ կհամարեր գաղտնի՝ ելնելով տեղեկության բնույթից, բացահայտման ձևից և հանգամանքներից։

5․2 Գաղտնի տեղեկություն ստացող կողմը սույնով համաձայնում և ընդունում է, որ բացահայտող կողմի Գաղտնի տեղեկությունները կարող է օգտագործել բացառապես սույն Պայմաններով նախատեսված իր պարտավորությունները կատարելու նպատակով, և որ իրենց համար սույն Պայմանների պարտադիր լինելու ընթացքում ու դրանից հետո ստացող կողմն իրավունք չունի բացահայտել բացահայտող կողմի Գաղտնի տեղեկությունները, բացառությամբ սույն 5 հոդվածով նախատեսված դեպքերի։

5․3 Ստացող կողմը կարող է բացահայտող կողմի Գաղտնի տեղեկությունները բացահայտել իր այն աշխատակիցներին, խորհրդատուներին, գործակալներին և ներկայացուցիչներին, որոնց նման բացահայտումն անհրաժեշտ է սույն Պայմաններով ստացող կողմի ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Ստացող կողմը պարտավոր է սույն 5․3 կետի համաձայն բացահայտող կողմի Գաղտնի տեղեկությունները բացահայտելուց առաջ իր աշխատակիցներին, խորհրդատուներին, գործակալներին և ներկայացուցիչներին տեղյակ պահել բացահայտվող տեղեկությունների գաղտնի լինելու մասին և ապահովել, որպեսզի վերջիննես պահպանեն սույն Պայմանների 5 հոդվածով նախատեսված գաղտնիության ռեժիմը՝ պատասխանատվություն կրելով նրանց կողմից այդ ռեժիմի խախտման համար։  

5․4 Ստացող կողմը կարող է բացահայտող կողմի Գաղտնի տեղեկությունները բացահայտել, եթե բացահայտումը պահանջվում է օրենքի, դատարանի, կառավարության, վերահսկող, կարգավորող կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ։ Նման դեպքում ստացող կողմը պարտավոր է․

ա․ բացահայտող կողմին հնարավորինս արագ տեղեկացնել բացահայտման պահանջի մասին, եթե դա թույլատրվում է օրենքով, դատարանի կամ իրավասու մարմնի որոշմամբ,

բ․ հնարավոր լինելու դեպքում բացահայտումը կատարել բացահայտող կողմի հետ նախօրոք խորհրդակցելուց և վերջինիս կարծիքը հաշվի առնելուց հետո։

6․ Պայմանների գործողությունը

6․1 Սույն Պայմանները Ձեր և Ընկերության մեջ ուժի մեջ են մտնում Ձեր կողմից Կայքում գրանցվելու և Անհատական հաշիվ ստեղծելու պահից։

6․2 Գործընկերը կարող է դադարել Կայքից օգտվել իր ծառայությունները գովազդելու, վաճառելու, առաջարկելու և խթանելու նպատակով այդ մասին Ընկերությանը 7 օր առաջ գրավոր ծանուցում տալու պայմանով։

6․3 Չնայած սույն Պայմաններով այլ բան նախատեսված լինելու հանգամանքին, Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ Գործընկերոջը ծանուցել և անմիջապես դադարեցնել վերջինիս համար Կայքի հասանելիությունը և Կայքից օգտվելու վերջինիս հնարավորությունը, եթե Գործընկերը խախտել է սույն Պայմանների և/կամ Կանոնակարգի դրույթները կամ դրանցից որևիցե մեկը։

6․4 Սույն Պայմանների 6․2, 6․3 կետերում նկարագրված իրադարձությունների վրա հասնելու փաստը չի ազդում մինչև (ներառյալ) այդ պահը, իսկ եթե նշված կետերով նախատեսված է նաև ծանուցելու պարտավորություն, ապա, կասկածներից խուսափելու նպատակով, նաև մինչև (ներառյալ) ծանուցման ժամկետի ավարտը, կողմերի կուտակած իրավունքների և պարտավորությունների վրա։ Այդ իրադարձությունների վրա հասնելուց հետո Գործընկերը պարտավոր է սույն Պայմաններով նախատեսված կարգով և պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել Կայքի բոլոր այն օգտատերերի հետ, որոնք նման ցակություն հայտնած կլինեն մինչև (ներառյալ) սույն Պայմանների 6․2, 6․3 կետերում նշված իրադարձությունների վրա հասնելու պահը, իսկ եթե նշված կետերով նախատեսված է նաև ծանուցելու պարտավորություն, ապա, կասկածներից խուսափելու նպատակով, նաև մինչև (ներառյալ) ծանուցման ժամկետի ավարտը, ինչպես նաև սույն Պայմաններով նախատեսված կարգով և պայմաններով կատարել/շարունակել կատարել մինչև այդ պահը Կայքի օգտատերերի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված իր բոլոր պարտավորությունները։

6․5 Սույն Պայմանների բոլոր այն դրույթները, որոնք նախատեսված է կամ ենթադրվում է, որ պետք է շարունակեն գործել նաև այն բանից հետո, երբ վրա հասած լինեն սույն Պայմանների 6․2, 6․3 կետերով նախատեսված իրադարձությունները, կշարունակեն գործել ամբողջ ծավալով այդ իրադարձությունների վրա հասնելուց հետո, այդ թվում նաև, սակայն ոչ միայն, սույն Պայմանների 3, 4, 5 հոդվածների և 6․4 ու 6․6 կետերի դրույթները։

6․6 Սույն Պայմանների 6․2, 6․3 կետերում նախատեսված իրադարձությունների վրա հասնելու դեպքում Գործընկերոջ Անհատական հաշիվը, վերջինիս կողմից ներբեռնած բոլոր տվյալները, բովանդակությունը, նամակագրությունները կջնջվեն։ Այդ իրադարձությունների վրա հասնելու ժամանակ, իսկ համապատասխան պահանջ լինելու դեպքում ցանկացած ժամանակ, կողմը, որը մյուս կողմից ստացել է Գաղտնի տեղեկություններ, նյութեր, պարտավոր է դրանք (այդ թվում նաև պատճենները, կրիչները) հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել մյուս կողմին։ Գաղտնի տեղեկություններ բացահայտած կողմը կարող է նաև պահանջել, որպես ստացող կողմը ոչնչացնի իր տիրապետության կամ վերահսկողության տակ եղած բոլոր տեղեկությունները (այդ թվում նաև, սակայն ոչ միայն, պատճենները, կրիչները) և գրավոր հավաստի դրանք  ոչնչացնելու փաստը։

6․7 Տարակարծություններից խուսափելու նպատակով սույնով հստակեցվում է, որ սույն Պայմանների 6 հոդվածի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ սույն Պայմանների 6․2, 6․3 կետով նախատեսված իրադարձությունները վրա են հասնում, համապատասխանաբար, սույն Պայմանների 7․2, 2․18 կետերում նշված իրադարձությունների հետևանքով կամ դրանց հիմքով։

7․ Եզրափակիչ դրույթներ

7․1 Սույն Պայմաններով Ընկերությանը վերապահված իրավունքները և իրավունքի պաշտպանության միջոցները կումուլյատիվ են և չեն բացառում կիրառելի օրենսդրությամբ Ընկերությանը վերապահված այլ իրավունքների և իրավունքի պաշտպանության միջոցների ո՛չ գոյությունը, ո՛չ էլ Ընկերության կողմից դրանց գործադրման հնարավորությունը։

7․2 Սույն Պայմանների, ինչպես նաև Կանոնակարգի դրույթները կարող են միակողմանիորեն փոփոխվել Ընկերության կողմից։ Նման փոփոխությունները Գործընկերոջ համար պարտադիր կդառնան Կայքում հրապարակվելուց հետո 10-րդ օրը։ Գործընկերը, եթե համաձայն չէ նման փոփոխությունների հետ, իրավունք ունի սույն Պայմանների 6․2 կետի համաձայն դադարեցնել իր ծառայությունները գովազդելու, վաճառելու, առաջարկելու և խթանելու նպատակով Կայքի օգտագործումը՝ պահպանելով սույն Պայմանների 6․2 կետով սահմանված կարգը։

7․3 Սույն Պայմանների շրջանակներում ծանուցումները կարող են տրվել․

ա․ առձեռն, ինչպիսի դեպքում համարվում են առաքված առձեռն հանձնելու մասին ստորագրություն վերցնելու պահից, 

բ․ ճանաչված սուրհանդակային ծառայության միջոցով, հաջորդ օրն առաքելու մատնանշմամբ, ինչպիսի դեպքում համարվում են առաքված սուրհանդակային ծառայությանը հանձնելու օրվան հաջորդող օրը,

գ․ էլ․ փոստով, ինչպիսի դեպքում համարվում են առաքված ուղարկելու պահից:

Ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներով․

Եթե Ընկերությանը, ապա՝

Կազմակերպության անուն՝ «Յուբիքրոս» ՍՊԸ

Հասցե՝ Վաղարշյան 12, տարածք 1

Էլ․ փոստ՝ [email protected]

Եթե Գործընկերոջը, ապա՝ այն (էլ․ փոստի) հասցեով, որը Գործընկերոջ կողմից կտրամադրվի Անհատական հաշիվ բացելիս։

Կողմերը կարող են սույն 7․3 կետով նախատեսված կարգով միմյանց ծանուցելու միջոցով փոփոխել իրենց կոնտակտային տվյալները և/կամ կոնտակտային անձանց։ Նման ծանուցումներն ուժի մեջ են մտնում առաքման պահից 5 (հինգ) օր անց, եթե այլ ժամկետ նշված չէ այդպիսի ծանուցումներով։

Ծանուցումները պետք է լինեն հայերեն կամ անգլերեն լեզուներով։

7․4 Սույն Պայմանները կազմված են հայերեն լեզվով և կարող է թարգմանվել այլ լեզուներով։ Թարգմանված տարբերակի և հայերեն տարբերակի միջև հակասություններ լինելու դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։

7․5 Սույն Պայմանները, Գործընկերոջ և Ընկերության միջև ծագած արտապայմանագրային հարաբերությունները,  ղեկավարվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն։

7․6 Սույն Պայմաններից կամ դրաց հետ կապված կողմերի միջև ծագած բոլոր վեճերը, այդ թվում նաև արտապայմանագրային պատասխանատվության վերաբերյալ վեճերը, ենթակա են լուծման Ընկերության գտնվելու վայրի դատարաններում։

Չնայած վերոգրյալին, Գործընկերը համաձայնում և ընդունում է, որ Ընկերությունը կարող է ցանկացած վեճի կապակցությամբ դիմել Գործընկերոջ գտնվելու վայրի կամ մեկ այլ իրավասու դատարան։ Գործընկերը սույնով հրաժարվում է հայցն իր համար ոչ հարմար վայրում գտնվող դատարան ներկայացնելու հիմքով ներկայում կամ ապագայում ունեցած բոլոր առարկություններից։

7․7 Կայքը և/կամ Կայքի բովանդակությունը հասանելի դարձնելու նպատակով կիրառվում են երրորդ անձանց հետևյալ ծառայությունները․

Նշված ծառայությունները մատուցվում են այդ ծառայությունները մատուցող անձանց կողմից կազմված պայմանների համաձայն։  

Նշված պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել այդ ծառայությունները մատուցող անձանց կողմից։ Գործընկերը պարտավոր է պահպանել այդ պայմանների դրույթները։

Կազմված է քաղաք Երևանում

Թարմացված է 2020թ․ 07.07.2020-ին